BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ֆրանսիայում սկսել ենք Հայաստանը գովազդել որպես ՏՏ ոլորտի բրենդային երկիր»

«Ֆրանսիայում սկսել ենք Հայաստանը գովազդել  որպես ՏՏ ոլորտի բրենդային երկիր»
22.11.2016 | 00:53

Ֆրանսահայ գործարար, Հայկական բիզնես գործակալության (Armenian Business Agency) նախագահ ՎԱՐԴԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ մեր զրույցը մշակույթ-բիզնես կապի, մարկետինգային խնդիրների, հայկական ապրանքանիշի միջազգայնացման հեռանկարների մասին է:

-Ի՞նչ է պետք, որ հայկական բրենդ ասվածն իր տեղն ունենա համաշխարհային շուկայում:
-Բրենդն ինքնըստինքյան չի ստեղծվում: Հայկական բրենդ ստեղծելու համար պետք է ունենալ այնպիսի արտադրանք, որն անհրաժեշտ է մարդկությանը, և միջոցներ ձեռնարկել այն ճանաչելի դարձնելու համար: Եթե, օրինակ, «Արմենիկում» կոչվող դեղահաբը, որի մասին տասը տարի առաջ խոսվում էր, հասներ միջազգային շուկա, կդառնար հայկական բրենդ: Բայց Հայաստանի արդյունաբերությունն այնքան հարուստ չէ, որ աշխարհը Հայաստանն ընդուներ որպես ինչ-որ ոլորտի ցուցանիշ կամ ցուցափեղկ: Սակայն վերջին երկու տարում սկսել ենք ուշադրություն դարձնել ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտին և տեսնում ենք, որ եթե ճիշտ աշխատենք` Հայաստանը եկող տասը տարիներին կարող ենք դարձնել ՏՏ ոլորտի բրենդային երկիր: Ավելին ասեմ` մենք Ֆրանսիայում սկսել ենք Հայաստանը գովազդել որպես ՏՏ ոլորտի բրենդային երկիր: Ծրագիր ենք մշակում, ուզում ենք առաջին փուլում աշխատել լրատվամիջոցների և ընկերությունների հետ, ներկայացնել ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, ՏՏ աշխարհի դպրոցը, որ կա Հայաստանում: Արդեն երկրորդ փուլում բացատրելու ենք, թե ինչեր կարող ենք անել մեր մտավոր հնարավորությունների շնորհիվ, ցույց տալով նաև, որ Հայաստանը արևմտամետ մշակույթի կրող երիտասարդություն ունի, որ տիրապետում է անգլերենին, աշխատասեր է և այլն: Գնային առումով` չէի ասի, որ ամենաէժան երկիրն է, և չէի ուզենա, որ Հայաստանն ընկալեն որպես Հնդկաստանի կամ Չինաստանի գներով աշխատող բանվորական համակարգ, այլ որ, տալով բարձր որակ, ունի ավելի էժան գնային քաղաքականություն, քան եվրոպական երկրները: Սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ են ֆինանսավորում, պետության և մեզ պես սփյուռքյան կազմակերպությունների աջակցությունը այդ ընդհանուր ծրագրին: ՈՒզում եմ ավելացնել, որ ՏՏ ոլորտ ասելով` պատկերացնում եմ գալիք տասնամյակների մարդկային հարաբերությունները հատկանշող կենցաղայինից մինչև գիտական, առողջապահական, արդյունաբերական, ուսումնական, արվեստի դաշտերը ծածկող մտահղացումներն ու նրանց արհեստագիտական իրագործումը։
-Փաստորեն, մենք ունենք ներուժ, ունենք ռեսուրսներ, բայց չե՞նք օգտագործում դրանք ինչպես հարկն է:
-Ինձ թվում է` Հայաստանում կան հնարավորություններ, կան որակյալ մասնագետներ, բայց չկա պետական մակարդակով մշակված ծրագիր, թե ցանկությունն ինչպես դարձնել իրականություն: Հայաստանում 90-ականներին մարդիկ մեկ օրում, առանց ջանք ու եռանդ ծախսելու, դառնում էին գործարանի սեփականատեր: Կարծում եմ՝ այս երևույթը մտավ ընդհանուր համակարգի մեջ` տարիների հեռանկարով ծրագրված աշխատելու մեթոդի փոխարեն: Դրա համար մենք չենք մտածում, որ, օրինակ, զբոսաշրջությունը զարգացնելու համար Ռուսաստանում կամ եվրոպական երկրներում քարոզչության նպատակով պետք է տարեկան 300-500 հազար եվրո ծախսենք, որ ստանանք 50 միլիոն եվրո շահույթ: Առանց մի կոպեկ ծախսելու ակնկալում ենք, որ զբոսաշրջիկները ավելանան, որովհետև մենք լավն ենք: Այս մտայնությունը պետք է կանխել:
-Երկիրը ներկայանում է նաև իր մշակույթով, բայց մշակույթը զարգացնելու, դրսում ներկայացնելու համար պետք է տնտեսապես հզոր երկիր ունենալ: Այս դեպքում մշակույթը կունենա ոչ միայն հոգևոր, այլև նյութակա՞ն արժեք:
-Ես տարիներ ի վեր անդադար խոսում եմ այդ մասին, որ մշակույթը պետք է դարձնել Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու միջոց, արվեստագետին պետք է դիտարկել որպես մարդու, որի ստեղծագործությունը, հոգևոր, էսթետիկ արժեքներից զատ, ունի նաև նյութական արժեք: Կրկին հանգում եմ հիմնական խնդրին՝ պետք է ներդրում անել, հնարավորություն տալ արվեստագետներին ստեղծագործելու, միմյանց հետ շփվելու, պետք է ստեղծել արտադրողական մշակույթ, պրոդյուսերական ներկայացուցչական տարր, որը պետք է աշխարհի պատկերասրահներում շրջի, կապեր ստեղծի, այսօվա տեխնոլոգիաներն օգտագործելով աշխարհին ներկայացնի Հայաստանի քաղաքակրթությունն ու մշակույթը: Եթե դրա վրա ուժ ու միջոցներ չծախսենք, մեր ստեղծագործողին մեր ձեռքերով կսպանենք: Ամերիկայում փնտրում են ստեղծագործողին, ամեն ինչ անում են, որ գա իրենց երկիր, իսկ մենք հեռացնում ենք երկրից: Ինչպե՞ս են ստեղծվել պատմական մշակութային կոթողները, եթե ոչ իշխանների տրամադրած միջոցներով: ՈՒզում եմ ասել՝ դրամագլխի բաժինը կարևոր է մշակութային արտադրության համար։ Ես, որպես հայ, ուզում եմ, որ մեր հին ու նոր մշակույթը հասնի ամեն տեղ, բայց մեր ապագայի համար ստեղծագործողը պետք է դառնա մեր արտադրության զարգացման դերակատարներից մեկը: Այդ առումով, համաձայն եմ Ձեզ հետ, որ մշակութային ստեղծագործությունը կարելի է տնտեսական տրամաբանության մեջ դնել ու օգտվել դրա ապագա զարգացումից:
-Հայաստանը մշտապես եղել է առևտրային խաչմերուկ. հեռանկարներ կա՞ն վերականգնելու մեր դիրքը:
-Տեսականորեն` այո, բայց միջազգային հարաբերությունների նոր պայմաններում: Հայաստանի դիրքը չի փոխվել, թեև երկիրը մի քիչ փոքրացել է: Ճիշտ է, որ ժամանակին Հին Ջուղայի հայությունն էր այդ դերակատարությունը վերցրել իր վրա, Շահ Աբասը հայերին տարավ Նոր Ջուղա, որ իրենց առևտրական ջիղով երկիրը հարստացնեն: Կոնտեքստի խնդիր կար, այն ժամանակ էլ մեր տեղը հետաքրքիր էր: Միաժամանակ ընդունենք, որ այսօր կան աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներ: Անցած 10-15 տարիներին տեսանք, որ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլև Վրաստանն էր համաձայն Հայաստանը զրկելու որևէ շրջանային, տարածաշրջանային ծրագրից, մասնակցելու Հայաստանի մեկուսացմանը: Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ խնդիր ունի` լուրջ խաղացող ներկայանալու հարցում, և խիստ կարևոր է մեր արտաքին քաղաքականության ու դեսպանությունների առաջնահերթություններում դնել տնտեսական զարգացման բաղադրիչը։ Սա արդեն այլ թեմա է` ինչպե՞ս կարող ենք հետաքրքիր դառնալ ուրիշներին, հնարավորություններ ստեղծել, աստիճանաբար հաղթահարել նաև մյուս բարդությունները:
Եթե ժամանակին մեր երկիրը քարավանների խաչմերուկ էր, այսօրվա խաչմերուկը կարող է տարբեր լինել: Դուք մշակույթի խնդիրը նշեցիք, եթե իրագործենք հեռատեսական ծրագրեր, Հայաստանը կարող է դառնալ մշակութային խաչմերուկ: Եթե նկատի առնենք այսօրվա թվային աշխարհի զարգացումները, ամեն ինչ տանում է թվայինի` մարդկային հարաբերություններից, արտադրության ստեղծումից մինչև փոխանակում: Թվային աշխարհում կարող ենք դառնալ խաչմերուկ` ոչ թե աշխարհագրական առումով, այլ տնտեսական (այսինքն` տնտեսական քարտեզի վրա, որը նույնը չէ, ինչ աշխարհագրականը): Մենք տնտեսությունը, քաղաքականությունը, մարդկային հարաբերությունները չպետք է դիտենք այն դասական հասկացությամբ, որ եղել է անցած դարերում: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ այսօր արդեն պետք է տեսնենք ինչպիսին է լինելու աշխարհը առնվազն 2030 թվին ու պատրաստվենք դրան: Պետք չէ համեմատել 11-րդ կամ 16-րդ դարերի խաչմերուկները 21-րդ դարի խաչմերուկների հետ: Այս առումով ավելացնեմ, որ նույնիսկ եթե չեմ տեսնում Հայաստանը որպես ֆինանսական միջազգային կենտրոն կամ խաչմերուկ, այնուամենայնիվ, մենք կարող ենք որոշ հարկային պայմանների ստեղծմամբ զարկ տալ միջազգային ընկերությունների Հայաստան մուտք գործելուն` ոչ Հայաստանում աշխատանք ծավալելու հիմնական նպատակով, այլ Հայաստանից գործելու նոր մոդելով։ Այսինքն` կարող են հաստատվել Հայաստանում ու աշխատել դրսի հետ, որպես Հայաստանում գրանցված կազմակերպություն։ Այդ ընկերություններին տրված հնարավորությունների դիմաց կարող ենք պահանջել նվազագույն ներդրում երկրի բարձր արհեստագիտությունների հետազոտական և զարգացման ծրագրերում` փոխշահավետ հիմունքներով։
-Մեր նախորդ զրույցի թեման Փարիզում մեկնարկած հայ-միջազգային գործարար համաժողովն էր, որի շրջանակում ներկայացվել էին 12 բիզնես նախագծեր։ Կարելի՞ է ասել, որ հիմնական նպատակը հայաստանյան և սփյուռքի գործարարների միջև կապերի ամրապնդումն է և աջակցությունը Հայաստանին:
-Համաժողովը գործում է ի շահ հայկական գործարար հարաբերությունների, որոնց մեջ Հայաստանն ու հայ գործարարը կունենան իրենց անմիջական մասնակցությունն ու նպաստը: Հայ գործարարները աշխարհով մեկ իրենց ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենան, գյուտարարները, ծրագրերի հեղինակները հնարավորություն կունենան նույնիսկ անվճար խորհրդատվություն ստանալու: Մենք փորձում ենք ներկայացնել և խթանել տեխնոլոգիական նորարարությունները, հետևել այդ ծրագրերին և երաշխավորել դրանց իրականացումը, ինչպես նաև ապահովել ֆինանսավորում` ներդրողների մասնակցության շնորհիվ: Փորձում ենք նաև համախմբել հայ և միջազգային ներդրողներին, ովքեր փնտրում են բարձրարժեք նախագծեր: Մեր նպատակն է օգնել երիտասարդ (և ոչ միայն երիտասարդ) գործարարներին իրենց ծրագիրը ներդրողի համար ներկայանալի դարձնելու հարցում: Արվում է այն, ինչը, կարծում եմ, հայկական իրականության մեջ սաղմնային վիճակում է դեռ: Ստեղծում ենք նոր մշակույթ տնտեսական հարաբերություններում:
Նշեմ, որ մեր համաժողովին ներկա էին ներդրողներ և գործարարներ, ստեղծարարներ, գյուտարարներ, նախագծերի հեղինակներ, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական գործակալությունների ու հաստատությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հայաստանից, Լյուքսեմբուրգից, Իրանից, Բենինից, Թունիսից, Թուրքիայից, Լիբանանից, Բելգիայից, ՈՒկրաինայից:
Ստեղծում ենք միջազգային մակարդակով գլոբալ փոխանակման և համագործակցության ցանց` ներդրողների, ձեռնարկությունների և նախագծերի հեղինակների միջև։


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ